ՀՏՀ

Ինչպե՞ս դառնալ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաճախորդ:

Հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել կամ զանգահարել բանկ և ծանոթանալ բանկի կողմից մատուցվող ծառայություններին ու հաշիվների բացման պայմաններին: Փոխհամաձայնության ձեռք բերման դեպքում` անհատական մենեջերը Ձեզ կներկայացնի հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Կարո՞ղ է արդյոք անձը գործարքներ իրականացնել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի միջոցով` առանց հաշիվ ունենալու:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում սպասարկվում են միայն բանկի հաճախորդները, այսինքն այն անձինք, ովքեր ունեն ակտիվ հաշիվներ բանկում:

Արդյո՞ք ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ներդրված ավանդները երաշխավորված են:

Ավանդները ՀՀ տարածքում երաշխավորված են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով:

Որո՞նք են կոչվում ներդրումային բանկային ծառայություններ:

Ներդրումային բանկային ծառայությունները դրանք բանկերի կողմից իրենց հաճախորդների համար ֆինանսական գործիքներում ներդրումներ կատարելուն և այդ ներդրումների կառավարմանն ուղղված, ինչպես նաև ընկերությունների կողմից արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման գործընթացներում մատուցվող միջնորդային և ֆինանսական խորհրդատվության ծառայություններն են:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստանալով արժեթղթերի շուկայում բրոքերային և պահառության գործունեության իրականացման լիցենզիաներ` «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ն իր հաճախորդներին առաջարկում է ընդլայնել իրենց ներդրումային հնարավորությունների շրջանակը և օգտվել իր ծառայություններից ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային արժեթղթերի շուկաներում:
Բանկն իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է նաև նրանց արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման գործընթացների կազմակերպմանն ուղղված միջնորդային և ֆինանսական խորհրդատվության ծառայությունների ամբողջական փաթեթ:

Ինչո՞ւ բանկը ակտիվ գովազդային գործունեություն չի իրականացնում:


Բանկի բիզնես-փիլիսոփայությունից ելնելով` մարկետինգային ռազմավարությամբ բացառվում է լայն զանգվածներին ուղղված հայտարարություններ, գովազդներ և այլ տիպի հաղորդակցություն իրականացնելը: Բանկը հրաժարվում է մասսայական սպասարկումից և իր մարկետինգային միջոցառումներն իրականացնում է հաճախորդների նպատակային խմբերի հետ կապերի հաստատման և հարաբերությունների զարգացման միջոցով:

Ինչպիսի՞ վարկային ծրագրեր է իրականացնում

Բանկը վարկավորում է միջին և խոշոր ձեռնարկություններին, որոնք ունեն կայուն գործող բիզնես, ձևավորված վարկային պատմություն, բարի համբավ գործարար աշխարհում:
Բանկը չի տրամադրում մանրածախ բանկային ծառայություններին (retail banking) բնորոշ վարկեր:

Համարվու՞մ եք դուք արդյոք շվեյցարական Բանկ կամ շվեյցարական բանկի մասնաճյուղ:

Ոչ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն չի հանդիսանում շվեյցարական Բանկ կամ շվեյցարական բանկի մասնաճյուղ: Բանկի սեփականատերը ծագումով հայ, շվեյցարացի գործարար Վարդան Սիրմաքեսն է, որը նաև աշխարհահռչակ «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցներ արտադրող կազմակերպության տնօրենն է:

 

Որո՞նք են ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի առանձնահատկությունները այլ բանկերի նկատմամբ:

Բանկը հրաժարվում է բանկային զանգվածային սպասարկումից, և կիրառելով ֆինանսական և բանկային համակարգի միջազագային փորձը` իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական ուղղություններով, ինչպիսիք են կորպորատիվ, ներդրումային և փրայվիթ բանկային ծառայությունների մատուցումը, որն էլ իր հերթին նշանակում է անհատական մոտեցման ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաճախորդները ո՞ր շուկաներ մուտքի հնարավորություն ունեն և ինչպիսի՞ արժեթղթերում կարող են ներդրումներ կատարել:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Ձեզ հնարավորություն է տալիս մուտք գործել մի շարք երկրների արժեթղթերի շուկաներ` Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, եվրոպական խոշորագույն բորսաներ: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ Դուք կարող եք ընտրել ներդրումների աշխարհագրությունը և շուկաների տեսակները, որոնք կհամապատախանեն Ձեր ներդրումային ռազմավարությանը:
Գործընկերների լայն շրջանակի շնորհիվ Բանկը Ձեզ համար կարող է ձեռք բերել վերոնշյալ մի շարք երկրների և տնտեսության տարբեր ճյուղերի արժեթղթեր` բաժնետոմսեր, պետական և կորպորատիվ պարտատոմսեր, ածանցյալ արժեթղթեր, ներդրումային հիմնադրամների փայեր և այլն:

Ինչպե՞ս կարող եմ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի միջոցով արժեթղթեր ձեռք բերել:

Արժեթղթեր ձեռք բերելու համար նախ և առաջ անհրաժեշտ է դառնալ Բանկի հաճախորդ և կնքել Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիր: Որից հետո համապատասխան հանձնարարականներ տալու միջոցով կկարողանաք ներդրումներ կատարել Ձեր նախընտրած արժեթղթերում:

Որտե՞ղ փնտրել ինձ հետաքրքրող արժեթղթերի գնանշումները:

Մեր կայքում Դուք կարող եք գտնել ֆոնդային բորսաների ցուցակը, որտեղ գնանշվում են Բանկի կողմից առաջարկվող արժեթղթերը` իրենց համապատասխան կայքերի հղումներով: Բացի այդ Դուք միշտ կարող եք զանգահարել Բանկի համապատասխան աշխատակիցներին և ստանալ սպառիչ տեղեկատվություն Ձեզ հետաքրքրող արժեթղթերի վերաբերյալ:

Ի՞նչ է նշանակում արժեթղթերի գրավադրմամբ լրացուցիչ ֆինանսավորում (մարժինալ գործարք):

Մարժինալ գործարքն իրենից ներկայացնում է հաճախորդին դրամական միջոցների փոխառության տրամադրում` արժեթղթերի ձեռք բերման նպատակով: Օգտվելով լրացուցիչ ֆինանսավորումից` Դուք հնարավորություն կունենանք ձեռք բերել ավելի մեծ գումարի արժեթղթեր, քան Ձեր ներդրած գումարն է:

Ինչպիսի՞ ռիսկերի հետ է կապված արժեթղթերում ներդրում կատարելը:

Ներդրումների ռիսկերը որպես կանոն համեմատական են ակնկալվող եկամտաբերությանը: Որքան հուսալի է արժեթուղթը, այնքան ցածր է նրանից ստացվող շահույթը: Միևնույն ժամանակ ռիսկային գործիքները կարող են թույլ տալ կրկնապատկել, նույնիսկ եռապատկել Ձեր ներդրված կապիտալը մի քանի օրվա ընթացքում, սակայն ռիսկն այստեղ զգալիորեն բարձր կլինի: Յուրաքանչյուր ներդրող ինքն է իր համար որոշում ակնկալվող եկամտաբերությունը` կշռված համապատասխան ռիսկով:

Ի՞նչ հնարավորություններ կարող է ընկերությանը տալ արժեթղթերի թողարկումը:

Լրացուցիչ միջոցների ներգրավումը հանդիսանում է ցանկացած ընկերության ֆինանսական քաղաքականության կարևոր մասերից մեկը: Արժեթղթերի թողարկումը դիտարկելով որպես ֆինանսական միջոցների հավաքագրման այլընտրանքային աղբյուր և օգտվելով ֆինանսական ինստիտուտների կողմից առաջարկվող թողարկման և տեղաբաշխման ծառայություններից` ընկերությունները կարող են ընդլայնել իրենց ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները և ավելի արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական հոսքերը:

Արդյո՞ք ցանկացած ընկերություն կարող է թողարկել և հրապարակայնորեն տեղաբաշխել արժեթղթեր:

Ընկերությունները կարող են թողարկել և հրապարակայնորեն տեղաբաշխել արժեթղթեր, եթե շուկայում կայուն դիրք են զբաղեցնում և գործարար աշխարհում վայելում են բարի համբավ, պատրաստակամ են վարել թափանցիկ գործունեություն, ձևավորել են որակյալ կառավարման ու արժանահավատ հաշվետվական համակարգ, ունեն բավարար վճարունակություն` արժեթղթերի թողարկմամբ ծագող պարտավորությունները պատշաճ կատարելու համար:  

Ի՞նչ ծառայություններ է առաջարկում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման ուղղությամբ:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»ՓԲԸ-ն, արժեթղթերի շուկայում ունենալով ռազմավարական հետաքրքրություններ, թողարկողներին առաջարկում է արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում` մասնագիտական խորհրդատվություն, շուկայի վերլուծություն և արժեթղթերի թողարկման հետ կապված ֆինանսական ռիսկերի կառավարում: Տեղաբաշխման ընթացքում բանկն օգտագործում է զարգացած երկրներում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում համագործակցում է շուկայի այլ մասնակիցների հետ` տեղաբաշխման սինդիկատ ձևավորելու նպատակով:

Ի՞նչ է նշանակում «փրայվիթ բենքինգ» հասկացությունը:

«Փրայվիթ բենքինգ»-ի արդի հասկացությունը հիմնվում է հաճախորդի և ֆինանսական հաստատության միջև այնպիսի հարաբերությունների կառուցման վրա, որոնք բնութագրվում են հաճախորդին անհատական և համակարգված բարձրակարգ ծառայությունների մատուցմամբ: «Փրայվիթ բենքինգ»-ը դա լոկ բարձրակարգ սպասարկում չէ, այլ հաճախորդների պահանջները բավարարելու բիզնես-փիլիսոփայություն, որն արտահայտվում է հաճախորդի խնդիրներին իբրև սեփական խնդիրների մոտեցմամբ և առավել օպտիմալ լուծումների առաջարկմամբ: «Փրայվիթ բենքինգ»-ի բիզնես-փիլիսոփայությունը բացառում է մասսայական սպասարկումը և չի իրականացվում մանրածախ (retail) բենքինգին զուգահեռ:

Որքանո՞վ է անվտանգ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի օնլայն բանկային ծառայությունը:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Օնլայն Բանկային Ծառայությունը պաշտպանված է  միջազգային ճանաչում ունեցող ցանցային անվտանգության  Microsoft certificate սերվերով, որը ապահովում է անվտանգության բարձր մակարդակ և  հուսալի պաշտպանվածություն: