Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ՌԱԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ՌԱԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

20.05.2020

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 19-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 72 հատ ռադիոգիդ սարքեր նվիրաբերեց Մաշտոցյան Մատենադարանին, որտեղ տարեկան այցելում են տասնյակ հազարավոր այցելուներ: Մատենադարանում ռադիոգիդերի կիրառումը հնարավորություն կտա ապահովել միաժամանակ այցելուների տարբեր խմբերին ձեռագրերի որակյալ ներկայացումը: Ռադիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Բանկի ցուցաբերած նախաձեռնությունը թույլ է տալիս պատմական արժեքների ներկայացումն իրականացնել նոր տեխնոլոգիաներով։

«Հայտնում ենք մեր շնորհակալությունը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին և նրա Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին այս աջակցության համար: Նվիրաբերած ռադիոգիդերը մեզ համար իսկապես անչափ կարևոր են և ժամանակին ստացված, քանի որ դրանք շատ օգտակար են հատկապես համավարակի պայմաններում այցելուների և զբոսավարների անվտանգության ապահովման տեսանկյունից և մենք դրանք կկիրառենք այցելուների համար Մատենադարանի թանգարանային մասի բացման առաջին իսկ օրվանից:», հայտնեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Միևնույն ժամանակ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանը պարոն Վահան Տեր-Ղևոնդյանի կողմից պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով ու համապատասխան վկայականով:

«Շնորհավորում ենք և միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ մեր թանգարանների համար նմանատիպ նախաձեռնությունների հարցում, որոնք հնարավորություն կտան մեր պատմամշակութային արժեքները ներկայացնել ըստ արժանվույն, հատկապես նոր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Միաժամանակ շնորհակալ եմ հուշամեդալի համար և նշեմ, որ նման գնահատանքը պարտավորեցնող է։ Սիրով տեղեկացնում եմ, որ մենք առաջիկա օրերին կհայտարարենք մեր ևս 2 նոր նախաձեռնությունների մասին. Բանկը 2 թանգարանների նվիրաբերելու է աուդիոգիդեր, որոնք համավարակի պայմաններում կունենան մեծ նշանակություն », հայտնեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը:

Կարևորելով թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը և ժամանակին համահունչ լինելը՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը նույնիսկ այս դժվարին օրերին մշակույթի կողքին է և իր 15-ամյակին նվիրված մշակութային և սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար:


Բոլոր իրադարձությունները