Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՒ ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԻՄՆԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՒ ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԻՄՆԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

29.10.2014

29.10.2014թ.

Այսօր Կենտրոնական բանկում տեղի ունեցավ մտադրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողություն, որին մասնակցում էին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր Ուոթչլենդ» ընկերության հիմնադիր, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» և «Թեքնոսերտ» ընկերությունների խորհրդի նախագահ Վարտան Սիրմակեսը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոնը և այլոք:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ» ՍՊԸ-ի միջև ստորագրվեց Մասնավոր ներդրումների կառավարման գործունեություն իրականացնող ընկերություն հիմնադրելու վերաբերյալ Մտադրությունների մասին հուշագիրը:

Ընկերության հիմնական առաքելությունն է լինելու ներդրողներին ՀՀ-ում և ՀՀ տարածքից դուրս ստեղծվող կամ գործող մասնավոր առևտրային ընկերությունների կապիտալում ներդրումներ կատարելու, այդպիսի ներդրումները կառավարելու և հետագայում այդ ներդրումների օտարումը կազմակերպելու գործում համալիր ծառայությունների մատուցումը:

Ընկերության հիմնական ջանքերն ուղղված են լինելու գործընկեր հանդիսացող առևտրային ընկերությունների գործունեության ընդլայնմանը, մասնավորապես՝ տնտեսության տարբեր ոլորտներում աճի պոտենցիալ ունեցող գործարար ծրագրերի բացահայտմանը, դրանց գնահատմանը և իրականացմանը:

Նորաստեղծ ընկերությունը կնպաստի շուկայում նոր մշակույթի ձևավորմանը, այն է մասնավոր ակտիվների կառավարումը, որն իր մեջ կամփոփի ընկերությունների կորպորատիվ կառավարման, բիզնեսի զարգացման, մրցունակության բարձրացման, նոր շուկաների ստեղծման տարրեր:

Արարողությունից հետո մասնակիցները բարձր գնահատեցին եւ կարեւորեցին ստորագրված փաստաթղթերի հիման վրա ստեղծվելիք ընկերությունների դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման, օտարերկրյա եւ մասնավոր ներդրումների խթանման գործում: Մասնավոր ներդրումների կառավարման գործունեություն իրականացնող ընկերության հիմնադիրների հավաստմամբ կարևորվելու են նորարարություններ և know-how տեխնոլոգիաներ պարունակող ներդրումային ծրագրերը: Հարկ է նշել, որ այս նախաձեռնությունը կծառայի միջազգային ֆինանսական միջոցների ներգրավմանը: Դրա մասին է վկայում այն, որ առկա ներդրումային ֆոնդերը ձևավորվել են արտերկրյա մասնավոր ներդրողների և միջազգային ֆինանսական ընկերությունների միջոցներով:


Բոլոր իրադարձությունները