Իրադարձություններ
ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐՆ ԵՆՔ. Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ BANKS.AM ԿԱՅՔԻՆ ՏՐՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐՆ ԵՆՔ. Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ BANKS.AM ԿԱՅՔԻՆ ՏՐՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

12.10.2016

Գարնանը Արմսվիսբանկը համագործակցության հուշագիր էր կնքել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» (ՀԱԱԳ) հետ, որի նպատակն էր վերջինիս թողարկած ապահովագրական վկայագրերով ֆինանսավորել ՀՀ արտահանողներին:

Այս առիթով Banks.am-ը զրուցել է Արմսվիսբանկի Գործադիր տնօրենի տեղակալ- Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրեն Գեւորգ Խաչատրյանի հետ:

- Պրն Խաչատրյան, ի՞նչ գործառույթների շուրջ է կառուցվել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» հետ Արմսվիսբանկի համագործակցությունը:

- ՀԱԱԳ-ի հետ սկսել ենք  համագործակցել դեռեւս 2014-ից, որի շրջանակում արդեն իրականացրել ենք շուրջ 1 մլրդ դրամի ֆինանսավորում: Ճիշտ է, համագործակցության հուշագիրը կնքվել է 2016թ.-ին, սակայն 2014թ.-ից մեր թիմն ակտիվորեն համագործակցել է ՀԱԱԳ-ի թիմի հետ` հետարտահանման ֆինանսավորման, ինչպես նաեւ ավելի ուշ ներդրված նախաարտահանման պրոդուկտի մշակման եւ գործարկման ուղղությամբ:

Արմսվիսբանկն առաջին է հանդես եկել որպես ՀԱԱԳ-ի գործընկեր բանկ՝ 2016թ.-ին կնքելով համագործակցության հուշագիր:

Ինչպես նշեցի, բանկը ՀԱԱԳ-ի հետ ֆինանսավորման   շրջանակում իրականացնում է ե՛ւ հետարտահանման, ե՛ւ նախաարտահանման ֆինանսավորում:

Հետարտահանման ֆինանսավորման դեպքում ֆինանսավորվում է հաճախորդների կողմից արդեն իսկ արտահանված ապրանքների եւ/կամ ծառայությունների արդյունքում առաջացած դեբիտորական պարտքը: Ինչ վերաբերում է նախաարտահանման ֆինանսավորմանը, ապա այս դեպքում ֆինանսավորվում է գնորդի հետ կնքված արտահանման պայմանագրի կատարման նպատակով շրջանառու միջոցների ձեռքբերումը (այդ թվում՝ հումք, նյութեր) եւ/կամ որոշակի ծախսերի կատարումը (փաթեթավորման, տրանսպորտային եւ այլն):

ՀԱԱԳ-ի տրամադրած ապահովագրական վկայագրով հաճախորդներին  հնարավորություն է ընձեռնվում ֆինանսավորում ստանալ գործարքի հիմնականում մինչեւ 80%-ի չափով` առանց անշարժ գույքի գրավադրման: Տվյալ դեպքում որպես ապահովություն դիտարկվում է արտահանողի եւ ներմուծողի միջեւ կնքված պայմանագիրը եւ ՀԱԱԳ-ի կողմից թողարկված վկայագիրը՝ նշված պայմանագրի շրջանակում գնորդի կողմից չվճարման ռիսկի ծածկման գծով: 

- Ո՞րն է արտահանման ֆինանսավորման գործիքի առավելությունն ավանդական բանկային վարկավորման նկատմամբ:

- Այս պրոդուկտը հարմար է երկու տեսանկյունից. նախ, այն չի պահանջում անշարժ գույքի գրավադրում, եւ երկրորդ` տրամադրվում է բավականին մատչելի տոկոսադրույքով՝ որոշ ապրանքատեսակների արտահանման դեպքում  մասամբ սուբսիդավորվելով նաեւ պետության կողմից:

Ֆինանսավորումը տրամադրվում է դրամով, դոլարով եւ եվրոյով, 1-2 տարի ժամկետով` կախված տվյալ արտադրանքի արտահանման ցիկլի տեւողությունից: Ինչ վերաբերում է ֆինանսավորման տարեկան տոկոսադրույքին, ապա եվրոյով եւ դոլարով տրամադրվելու դեպքում այն տատանվում է 6,5-9% տարեկան տոկոսադրույքի, իսկ դրամով տրամադրվելու դեպքում՝ 13-16% սահմաններում:

Ինչպես նշեցի, որոշ ապրանքատեսակների արտահանման դեպքում գործում է նաեւ պետության կողմից տրամադրվող սուբսիդավորում՝ ֆինանսավորման տարեկան տոկոսադրույքի 3-6 տոկոսային կետի չափով: Արդյունքում, այս պրոդուկտը շատ ավելի մատչելի եւ գրավիչ է դառնում հաճախորդների համար:

- Իսկ ի՞նչ մեխանիզմով է իրականացվում արտահանման ֆինանսավորման գործընթացը, ի՞նչ ցուցանիշներ եք արդեն արձանագրել:

- Գործընթացը տեղի է ունենում հետեւյալ կերպ. նախ, ուսումնասիրում ենք արտահանողին, ծանոթանում նրա արտադրական եւ տեխնոլոգիական հնարավորություններին,  ապրանքի որակին: Ելնելով ՀԱԱԳ-ի կողմից գնորդի համար սահմանված սահմանաչափից՝ բանկն արտահանողի համար հաստատում է սահմանաչափ: Իսկ ֆինանսավորման տեսակը, այն է՝ նախաարտահանման կամ հետարտահանման ֆինանսավորում, որոշվում է հաճախորդի հետ համատեղ քննարկման արդյունքում: Գործընթացը տեւում է 1-2 շաբաթ՝ կախված ընտրված պրոդուկտի տեսակից:

Սահմանաչափը հաստատելուց հետո փաստացի ֆինանսավորումն իրականացվում է 1 օրվա ընթացքում՝ արտահանողի կողմից պահանջված փաստաթղթերը ներկայացնելուն պես: Արտահանման ֆինանսավորման առանձնահատկությունն այն է, որ տրամադրվում է վերականգնվող վարկային գծի սկզբունքով:

Այս պահի դրությամբ Արմսվիսբանկի արտահանման ֆինանսավորման պորտֆելը կազմում է շուրջ 300 մլն դրամ, որի շրջանակում մեկ տարվա ընթացքում (վերականգնվող վարկային գծի սկզբունքով) ընդհանուր առմամբ իրականացրել ենք մոտ 1 մլրդ դրամի ֆինանսավորում:

Նախաարտահանման եւ հետարտահանման ֆինանսավորման պրոդուկտներից օգտվում են հիմնականում սննդի վերամշակման, գինու, կոնյակի արտադրության ոլորտների ընկերությունները:

Համաձայն մեր տեղեկությունների՝ Արմսվիսբանկն ամենաակտիվն է այս սեգմենտում: Չնայած կան համագործակցող այլ բանկեր, սակայն  թե´ տեխնոլոգիական եւ թե´ մասնագետների որակի առումով, կարծում եմ, Արմսվիսբանկն առաջատարն է:

- Արտահանման ֆինանսավորման գործարքի ո՞ր կողմն է ծածկում չվճարման ռիսկերը: Եղե՞լ են արդյոք գնորդի կողմից անվճարունակության դեպքեր:

- Տվյալ դեպքում գնորդի չվճարման ռիսկը ծածկվում է ՀԱԱԳ-ի կողմից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ արտահանողը չի կատարում պայմանագրով սահմանված իր պարտականությունները՝ կապված ապրանքի որակի, քանակի եւ արտահանման ժամկետների հետ: Նշված դեպքում գնորդի չվճարման ռիսկի պատասխանատուն հանդիսանում է արտահանողը:

Նորաստեղծ ընկերությունների առաջին գործարքները, որպես կանոն, ռիսկային են բանկի համար այն առումով, որ դեռեւս հայտնի չէ, թե որքանով է ընկերությունը կարողանում պահպանել մատակարարման պայմանագրի պայմանները: Մինչդեռ կայացած ընկերություններն արդեն ունեն իրենց շուկան ու մշտական գնորդները, եւ քիչ է հավանականությունը, որ նրանք չեն կատարի պայմանագրով սահմանված պարտականությունները:

Ինչ վերաբերում է ՀԱԱԳ-ի կողմից թողարկված վկայագրի շրջանակներում գնորդի կողմից չվճարման դեպքի արձանագրմանը, ապա ՀԱԱԳ-ի  հետ համագործակցության շրջանակում այդպիսի դեպք դեռեւս չենք ունեցել:

Սակայն, նման դեպք արձանագրվել է Միջազգային ֆակտորինգային ասոցիացիայի (FCI) ներքո աշխատելիս, որի արդյունքում բանկի գործընկերոջ կողմից փոխհատուցվել է արտահանողին չվճարված գումարը:

 - Պրն Խաչատրյան, իսկ որքանո՞վ են հայ գործարարներն այսօր իրազեկված արտահանման  ֆինանսավորման պրոդուկտների մասին:

-Չնայած ՀԱԱԳ-ի հետ բանկը համագործակցում է 2014թ.-ից, սակայն իր գործունեության սկզբից միշտ էլ առաջնահերթ է համարել առեւտրի ֆինանսավորման ուղղությունը: Այդ մասին է խոսում այն փաստը, որ 2008թ.-ին բանկն առաջինը տարածաշրջանում անդամակցեց Միջազգային ֆակտորինգային ասոցիացիային (FCI):      

Երբ 2008թ.-ին նոր էինք մտնում շուկա, առնչվել ենք մի շարք դժվարությունների, քանի որ, չնայած այն հանգամանքին, որ հաճախորդների հիմնական մասը լսել կամ պատկերացում ուներ առեւտրի ֆինանսավորման գործիքների, մասնավորապես` ֆակտորինգի, այնուամենայնիվ, վարանում էին դրանք կիրառել:

Իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով կազմակերպել ենք բազմաթիվ սեմինարներ, կոնֆերանսներ, այդ թվում նաեւ միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՀԱԱԳ-ի հետ համատեղ: 

- Խոսենք Ձեր բանկի կողմից տրամադրվող ավանդական գործիքների մասին՝ ուղղված առեւտրի ֆինանսավորմանը: Ակրեդիտիվ, երաշխիքներ եւ ինկասո՝ որքանո՞վ են դրանք պահանջված՝ հաշվի առնելով ՀՀ տնտեսության մեջ արտահանման փոքր մասնաբաժինը:

- Այս պահին Արմսվիսբանկն իր հաճախորդներին տրամադրում է առեւտրի ֆինանսավորման գրեթե բոլոր տեսակի գործիքները. միջազգային եւ տեղական ֆակտորինգ, ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասոներ:

Մենք թողարկում ենք նաեւ դիսկոնտավորվող ակրեդիտիվներ, որը թույլ է տալիս ֆինանսավորել մեր հաճախորդներին 3-4% տարեկան տոկոսադրույքով:

- Առեւտրի ֆինանսավորման շրջանակում ի՞նչ միջազգային կազմակերպությունների հետ եք համագործակցում:

- Առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում հիմնական գործընկերը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) է, որի հետ աշխատում ենք 2010-ից:

2014-ին սկսել ենք աշխատել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), ինչպես նաեւ մի շարք եվրոպական բանկերի հետ: Ինչպես արդեն նշեցի, 2008թ.-ից անդամակցում ենք Միջազգային ֆակտորինգային ասոցիացիային (FCI), ինչը հնարավորություն է տալիս իրականացնել միջազգային ֆակտորինգային ծառայություններ աշխարհի շուրջ 90 երկրներում:

- Առեւտրի ֆինանսավորման ոլորտում ի՞նչ հեռանկարային ծրագրեր ունեք:

- Բանկի համար առեւտրի ֆինանսավորման ուղղության զարգացումը շարունակելու է համարվել որպես թիրախային` առավել մեծ ուշադրություն դարձնելով արտահանման ֆինանսավորմանը: Ըստ մեր գնահատականի` առեւտրի ֆինանսավորման մեր պորտֆելը ցուցաբերում է դրական միտում. պլանավորում ենք առնվազն 20% աճ:  

- Վերջին շրջանում կապիտալի համալրման հարցը բանկային համակարգի առավել զգայուն թեման է. մնացել են հաշված ամիսներ, երբ ուժի մեջ կմտնի բանկերի նորմատիվային կապիտալի նվազագույն չափը 30 մլրդ դրամի հասցնելու ԿԲ-ի որոշումը: Պատրա՞ստ է արդյոք Արմսվիսբանկն այս փոփոխությանը:

- Իհա´րկե: Արմսվիսբանկի սեփականատերերը, գիտակցելով իրենց պատասխանատվությունը բանկի հաճախորդների հանդեպ, դեռ այս տարվա մարտի 31-ին  համալրել են ընդհանուր նորմատիվային  կապիտալի մեծությունը՝ հասցնելով այն 31,4 մլրդ դրամի. այս մասին տեղեկացրել ենք մեր հաճախորդներին և գործընկերներին: Հոկտեմբերի 1-ի դրությամբ այս ցուցանիշն արդեն կազմում է 33,6 մլրդ դրամ:

Արմսվիսբանկի հաճախորդները կարող են իրենց գործնական ապագան վստահաբար կապել մեր բանկի հետ:

Գեւորգ Խաչատրյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը


Բոլոր իրադարձությունները