Նորություններ

«ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՅՍ ԱՄԻՍ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

21.01.2016

Տեղեկացնում ենք, որ 2015թ.-ի հուլիսին Հայաստան կատարած այցի շրջանակում <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ի սեփականատիրոջ, <<Ֆրանկ Մյուլեր Ուոչլենդ>> ընկերության հիմնադիր-սեփականատեր, շվեյցարահայ բարերար Վարտան Սիրմակեսի կողմից նախաձեռնած <<Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի>> շրջանակներում 2016թ.-ի հունվարին իրականացվել է առաջին ֆինանսավորումը:

Ծրագրի շրջանակներում պարոն Վարտան Սիրմակեսի կողմից տրամադրված միջոցներով 1 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով և 7 տարի մարման ժամկետով ֆինանսավորվել է Գյումրիում գտնվող տեքստիլի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից ներկայացված պրոյեկտը:

Ինչպես հայտնի է, համաձայն վերոնշյալ ծրագրի պայմանների, ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվում են գործող և ընդլայնման միտում ունեցող ընկերություններին: Հարկ է նշել, որ տվյալ ընկերությունը երկար ժամանակ է հաջողությամբ գործում է իր ոլորտում և ֆինանսավորումն ուղղված է լինելու ընկերության գործունեության ընդլայնմանը:

Ինչ վերաբերում է ծրագրի մյուս էական պայմանին, այն է՝ աշխատատեղերի ստեղծմանը, ապա պրոյեկտի ֆինանսավորման արդյունքում ընկերությունում կստեղծվի 150 աշխատատեղ, որից 50-ը 2016թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում, իսկ 100՝-ը մինչև տարվա վերջ:

Հարկ է նշել նաև, որ ևս մի քանի ծրագրեր դեռևս գտնվում են քննարկման փուլում:


Բոլոր Նորությունները