Բանկն օգտագործելով հայաստանյան և միջազգային շուկաներում առկա հնարավորությունները, մշակում է ներդրված կապիտալի պահպանմանը, ընթացիկ եկամտաբերության ստացմանը և կապիտալի հետագա արժեքավորմանն ուղղված արդյունավետ ներդրումային լուծումներ, որոնք իրականացվում են` կիրառելով հետևյալ ներդրումային գործիքները
Փողի շուկային գործիքներ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրենց ազատ դրամական միջոցները կարճ ժամանակահատվածների համար ներդնել փողի շուկայի բազմապիսի գործիքներում, ինչը դրանց կառավարումը դարձնում է էլ ավելի շահութաբեր և արդյունավետ: Այս նպատակով մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ներդրումներ կատարել փողի շուկայի հետևյալ գործիքներում.
• գործարքներ պետական արժեթղթերով (առք ու վաճառք, ֆորվարդային պայմանագրեր)
• Արտարժութային գործարքներ (առք ու վաճառք, ֆորվարդային պայմանագրեր)
• Հետգնման համաձայնագրեր (ռեպո, հակադարձ ռեպո)
• գործարքներ ոսկու ստանդարտ ձուլակտորներով
Բաժնետոմսեր
Բաժնետոմսը հավաստում է բաժնետիրական ընկերության սեփականության որոշակի բաժնին տիրապետելու ներդրողի իրավունքը և իր սեփականատիրոջը տալիս է մի շարք իրավունքներ, առավելություններ և լիազորություններ: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը բաժնետոմսեր առաջարկում է բարձր եկամուտ ակնկալող հաճախորդներին, որոնք պատրաստ են դիմել համարժեք ռիսկի: Բաժնետոմսերում ներդրողները շուկայի բարենպաստ պայմաններում բաժնետոմսերի գների տատանումներից կարող են ակնկալել բավականին բարձ եկամուտներ:
Պարտատոմսեր
Ներդրված գումարի դիմաց պարտատոմսերն ապահովում են հաստատուն եկամուտ սահմանված ժամանակահատվածի համար և ունեն ավելի մեղմ տատանողականություն, քան բաժնետոմսերը: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը պարտատոմսեր է առաջարկում այն ներդրողներին, որոնք ցանկանում են ունենալ սեփական կապիտալի պաշտպանվածության բարձր մակարդակ և երաշխավորված եկամուտ: Ի տարբերություն բաժնետոմսերի սեփականատերերի, որոնց եկամուտներն անկայուն են, պարտատոմսերի սեփականատերերն ունեն ավելի կանխատեսված եկամուտներ վայելելու առավելությունը:
Ներդրումային հիմնադրամների փայեր
Սեփական բաժնետոմսերի (փայերի) թողարկման միջոցով ներդրումային հիմնադրամները հավաքագրում են դրամական միջոցներ և դրանք ներդնում են ֆինանսական շուկայի այլ գործիքների մեջ` պրոֆեսիոնալ կառավարիչի միջոցով կառավարելով հիմնադրամի կապիտալը տնօրինողների կոլեկտիվ ներդրումները: Իր միջոցները ներդնելով ներդրումային հիմնադրամներում` հաճախորդը ստանում է ներդրումային գործիքների դիվերսիֆիկացիայի և պորտֆելի կառավարման այնպիսի մակարդակ, որը հասու չէ անհատ ներդրողին, քանի որ դա պահանջում է հատուկ գիտելիքներ, պրոֆեսիոնալ տեղեկատվությամբ ապահովվածության բարձր մակարդակ և արժեթղթերի շուկայի տեխնիկական ու ֆունդամենտալ վերլուծության անընդհատ իրականացման անհրաժեշտություն: Ներդրումային հիմնադրամների փայերն, ի տարբերություն բաժնետոմսերի և պարտատոմսերի, ապահովում են եկամտաբերության բավականին բարձր մակարդակ` չափավոր ռիսկայնության պայմաններում:
Ֆյուչերսներ
Ֆյուչերսային պայմանագիրը(ֆյուչերսը) երկու կողմերի միջև համաձայնություն է պայմանագրի հիմքում ընկած ակտիվն ապագայում գնելու կամ վաճառելու վերաբերյալ` պայմանագրի կնքման օրը սահմանված գնով: Ֆյուչերսը բորսայական ստանդարտացված գործիք է, որի հիմքում որպես ակտիվ հանդես են գալիս գյուղմթերքը, նավթամթերքը, մետաղները, արտարժույթը, ֆոնդային ինդեքսները, տոկոսադրույքները և այլ գործիքներ: Ֆյուչերսային պայմանագրի կնքումը նպատակ չի հետապնդում իրականացնել ակտիվի իրական առաքում, այլ ենթադրում է կնքված ֆյուչերսին հակադարձ գործարք կնքելու արդյունքում ձևավորված կամ ֆյուչերսի մարման օրը պայմանագրով սահմանված գնի և իրական շուկայում գործող գնի միջև տարբերության վճարումը շահող կողմին: Այս գործիքը ներդրողներին հնարավորություն կտա հեջավորել գների տատանումների հետ կապված ռիսկերը, իսկ արտահանման և ներմուծման ոլորտներում գործող հաճախորդներին, ինչպես նաև ֆինանսական այլ կազմակերպություններին թույլ կտա առավել արդյունավետ դարձնել իրենց ֆինանսական հոսքերի կառավարումը:
Արժույթային օպցիոն
Արժութային օպցիոն պայմանագիրը երկու կողմերի միջև համաձայնություն է, ըստ որի` օպցիոնի գնորդն որոշակի պարգևավճարի դիմաց իրավունք է ստանում (առանց պարտավորության) հետագայում նախապես սահմանված գնով և ժամկետում օպցիոն վաճառողից գնել կամ նրան վաճառել պայմանագրի հիմքում ընկած արժույթը: Այս գործիքը ներդրողներին հնարավորություն կտա հեջավորել փոխարժեքի տատանումների հետ կապված ռիսկերը, իսկ արտահանման և ներմուծման ոլորտներում գործող հաճախորդներին, ինչպես նաև ֆինանսական այլ կազմակերպություններին թույլ կտա առավել արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական հոսքերը:
*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 07.11.2012 17:41


