Իրադարձություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ԿԱՆԱՉ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ԿԱՆԱՉ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

20.05.2021

2021թ-ի մայիսի 19-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի շրջանակում «Արմսվսիբանկ» ՓԲԸ-ն, որպես ծրագրի համակարգող կազմակերպություն, կազմակերպել էր սեմինար քննարկում ծրագրի երկրոդ փուլի կատարված աշխատանքները ներկայացնելու նպատակով, որը վերաբերում էր «Կանաչ» ֆինանսավորման ոլորտում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության և ՀՀ-ում վերջինիս ներդրման հնարավորություններին:

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 40 մասնակիցներ ծրագրի շահառու հաստատություններից (ներկայացուցիչներ ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Կենտրոնական Բանկից, ՀՀ առևտրային բանկերից, ոչ բանկային ֆինանսական հաստատություններից, պետական ու մասնավոր այլ կազմակերպություններից): Միջոցառմանը մասնակցում էին նաև «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը, Ծրագրի կառավարման խորհրդի անդամ՝ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ տիկին Հասմիկ Ղահրամանյանը և Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ տիկին Ռուզաննա Գրիգորյանը:

«Scaling up green finance practices in Armenia» ծրագիրը մեկնարկը տրվել է շուրջ մեկ տարի առաջ, որի հիմնական առաքելությունն է ՀՀ-ում «կանաչ» ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման խոչընդոտների համապարփակ ուսումնասիրության իրականացնումը, առկա գործիքակազմի ընթացիկ իրավիճակի, իրազեկվածության մակարդակի բարձրացումը և առաջադեմ մեթոդաբանության ներդրումը: Կորոնավիրուսային համավարակի պատճառով ծրագրի առաջին փուլի արդյունքները ներկայացվել են շահառուներին առցանց եղանակով:

Ծրագրի երկրոդ փուլի շրջանակներում բոլոր ուսումնասիրություններն իրականացվել են Բրիտանական Globalfields ընկերության միջազգային փորձագետների կողմից, որի շրջանակում կատարվել է «Կանաչ» ֆինանսավորման միջազգային լավագույն փորձի համապարփակ ուսումնասիրություն, ներկայացվել են լավագույն փորձը ՀՀ-ում ներդնելու վերաբերյալ համապատասխան առաջարկներ: ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստման համար մշակվել և իրականացվել է 10 օրյա 3 ժամանոց առցանց սեմինարների ծրագիր։ Դասընթացները վարել են հեղինակավոր փորձագետներ այնպիսի միջազգային կառույցներց, ինչպիսիք են Green Climate Fund-ը, UN Environment Programm-ը, Ֆրանսիական արտահանման գործակալությունը, IPC GmbH-ը և այլն․․:

Միաժամանակ, տվյալ միջոցառման շրջանակներում ներկայումս նախտեսվում է նախագծել և ծրագրավորել վեբ կայք, որտեղ ՀՀ-ում ծրագրի բոլոր շահառուներին հասանելի կլինեն իրականացված ուսումասիրությունների, սեմինարների և այլ ուղղություններով օգտակար նյութերը։

Միջոցառման ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկան Globalfields խորհրդատվական ընկերության կայուն ֆինանսների բիզնեսի զարգացման տնօրեն պրն. Անդրեաս Բիերմանը /ով միջոցառմանը մասնակցում էր առցանց եղանակով/ և Ծրագրի փորձագետ Տիգրան Սուքիասյանը, ովքեր մանարամասն ներկայացրին միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունների արդյունքները և ՀՀ-ում դրանց ներդրման ուղղությամբ արված առաջարկները: Բանախոսները կարևորեցին միջազգային լավագույն փորձի ներդրումը ՀՀ-ում, ինչը թույլ կտա ապահովել տվյալ ոլորտի զարգացումը, այդ թվում՝ գործուն գործիքակազմի ստեղծումն ու միջազգային կառույցներից և ներդրողներից մատչելի ներդրումների ներգրավումը:

Հաշվի առնելով այդ ոլորտի նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրությունները միջոցառման ընթացքում մասնակիցներն առկա խնդիրների վերաբերյալ բարձրացրին բազմաթիվ հարցեր, իսկ բանախոսները, պարոն Գևորգ Մաչանյանը, տիկին Հասմիկ Ղահրամանյանը և տիկին Ռուզաննա Գրիգորյանը պատասխանեցին հարցերին և ներկայացրեցին զարգացման ուղղությամբ իրենց մոտեցումները:

Ամփոփելով սեմինար քննարկման արդյունքները՝ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը արձանագրեց, որ հաջողություններ գրանցելու համար բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն չափազանց մեծ ակտիվություն և նախաձեռնողականություն ու միասնական գործադրեն իրենց բոլոր ջանքերը այդ ուղղությամբ՝ նույնիսկ մինչև այս ծրագրի ավարտական արդյունքների ամփոփումը: Կանաչ ֆինանսավորման ոլորտի ներկայիս հնարավորությունների լիարժեք օգտագործումը և դրա արդյունքում չափազանց մատչելի ֆինանսական ռեսուրսների ներգրավումը և ՀՀ կառավարության, և ՀՀ կենտրոնական բանկի և շահառու ֆինանսական կազմակերպությունների համար ունեն չափազանց շահեկան նշանակություն: Պարոն Մաչանյանը հայտնեց իր պատրաստակամությունը հետագայում նման սեմինար քննարկումների շարունակական կազմակերպման` խնդիրների առարկայական քննարկման և լուծման նպատակով:

Միջոցառման ընթացքում դասընթացի մասնակիցներին շնորհվեցին նաև հաջող մասնակցության հավաստագրեր:


Բոլոր իրադարձությունները