Իրադարձություններ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ԵՎ ԵԱԶԲ-ն ԿՆՔԵԼ  ԵՆ ՀՀ-ում ԱՖԾ ԱՋԱԿՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ԵՎ ԵԱԶԲ-ն ԿՆՔԵԼ ԵՆ ՀՀ-ում ԱՖԾ ԱՋԱԿՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

25.03.2022

24․03․2022թ․-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ–ի և Եվրասիական Զարգացման Բանկի (ԵԱԶԲ) միջև կնքվել է Առևտրի ֆինանսավորման խթանման նպատակով նոր վարկային պայմանագիր՝ 5 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով:

Վարկային միջոցները կօգտագործվեն Բանկի հաճախորդների առևտրային պայմանագրերի ֆինանսավորման ուղղությամբ:

«Մենք կարևորում ենք առևտրի ֆինանսավորման ոլորտում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը: Բանկի համար առևտրի ֆինանսավորումը ռազմավարական ուղղություններից է, և մենք արդեն այս ոլորտում ունենք հարուստ փորձ շնորհիվ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ երկարաժամկետ համագործակցության։ Սա Արմսվիսբանկի և ԵԱԶԲ-ի միջև առաջին պայմանագիրն է, և մենք հուսով ենք, որ առկա համագործակցությունը զարգացման մեծ հեռանկար ունի, որը կարող է ապահովել մեր հաճախորդների համար ֆինանսավորման առավել բարենպաստ պայմաններ»,- նշել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

ԵԱԶԲ-ի խորհրդի փոխնախագահ Դենիս Իլինը նշել է,- ««ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ այսօր կնքված համաձայնագիրը մեր Բանկի անդամ երկրներում առևտրի ֆինանսավորման աջակցության ԵԱԶԲ ծրագրի հաջող իրականացման շարունակությունն է: Մենք կարծում ենք, որ այս ծրագրի իրականացումը դրական ազդեցություն կունենա Բանկի գործունեության զարգացման վրա, կնպաստի Հայաստանի Հանրապետությունում Բանկի հաճախորդների առևտրի ֆինանսավորման խթանմանը, ինչպես նաև մեր անդամ երկրների միջև հետագա տնտեսական համագործակցության ընդլայնմանը»։

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ
Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Հայաստանյան բանկերի շրջանակում Արմսվիսբանկը զբաղեցնում է 4-րդ տեղը կապիտալով, 5-րդը` շահույթվ և 6-րդը` ակտիվներով: Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` EBRD, ADB, KFW, EIB և այլն: ԱՖԾ ոլորտում Բանկը վարում է չափազանց ակտիվ գործունեություն և 2021թ-ին երրորդ անգամ անընդմեջ արժանացել է «ՀՀ-ում ամենաակտիվ թողարկող բանկ » մրցանակին, իսկ ADB-ի կողմից Բանկը արժանացել է առևտրի ֆինանսավորման ոլորտում 2021թ-ի «Առաջատար գործընկեր բանկ ՀՀ-ում» մրցանակին:

(ԵԱԶԲ)
Եվրասիական Զարգացման Բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածաշրջանում։ 15 տարի շարունակ ԵԱԶԲ-ն աջակցում է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանը, ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող նախագծերը` տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգիայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և ճարտարապետության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և ESG-ի սկզբունքներով:


Բոլոր իրադարձությունները