Իրադարձություններ
ԼԻԶԻՆԳ. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼԻԶԻՆԳ. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.05.2023

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ - ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՆՕՐԵՆ` ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ

1. Վերջին շրջանում շատ հաճախ ենք լսում լիզինգ պրոդուկտի մասին, այդ թվում նաև Կառավարության աջակցման ծրագրերի համատեքստում: Վերջապես, ի՞նչ է լիզինգը:

Լիզինգը դա ֆինանսական ծառայությունների տեսակներից մեկն է, որի էությունը հիմնական միջոցների (օրինակ՝ ավտոմեքենա, հատուկ մեքենաներ կամ սարքավորումներ, անգամ անշարժ գույք) ձեռքբերման ֆինանսավորումն է։ Տվյալ դեպքում ֆինանսական կազմակերպությունը`Լիզինգատուն իր հաճախորդի` Լիզինգառուի պատվերով Մատակարարից ձեռք է բերում որոշակի գույք և վարձակալության հանձնում Լիզինգառուին:

Լիզինգ ստանալու հարցը դառնում է արդիական, երբ ձեռնարկությունը կարիք ունի համալրելու իր սարքավորումները կամ տրանսպորտային միջոցները, միևնույն ժամանակ սեփական միջոցները բավարար չեն և չկա հնարավորություն վարկ ստանալ։ Հենց այս ժամանակ օգնության է հասնում այնպիսի ֆինանսական գործիք, ինչպիսին լիզինգն է: Ներկայիս հայաստանյան բանկային շուկայում, որտեղ արդեն իսկ նկատվում է գրավով ֆինանսավորումների գերհագեցվածություն (ձեռնարկությունների մեծ մասը սպառել են գրավային ապահովությունների շրջանակում վարկավորվելու սահմանաչափերը), սակայն անհրաժեշտ է սեփական արտադրանքի ու ծառայությունների մրցունակության ապահովման նպատակով իրականացնել ժամանակակից սարքավորումների ձեռքբերում: Որպես առավել արդյունավետ ֆինանսավորման գործիք սկսում է կիրառվել լիզինգ պրոդուկտը:

Նշեմ նաև, որ լիզինգի զարգացումը չափազանց նպաստավոր է նաև մեքենա-սարքավորումներ արտադրողների և վաճառողների համար, քանի որ այն հրաշալի հնարավորություն է ընձեռում լրացուցիչ վաճառքներ իրականացնելու համար։

Այսպիսով, լիզինգի այս տեսակի կիրառման դեպքում Լիզինգառուն երկար ժամկետով ստանում է օգտագործման անհրաժեշտ սարքավորումներ, հետագայում գնման իրավունքով:

2. Իսկ ի՞նչը կարող է հանդիսանալ լիզինիգի առարկա և տնտեսության որ ճյուղերում գործող ձեռնարկությունները կարող են օգտվել լիզինգային ֆինանսավորումից:

Լիզինգը հաճախ օգտագործվում է ձեռնարկատերերի կամ ընկերությունների կողմից, որոնք կարիք ունեն թանկարժեք սարքավորումների, տրանսպորտային միջոցների, հատուկ սարքավորումների կամ կոմերցիոն` անշարժ գույքի:

Ամենից հաճախ լիզինգային ֆինանսավորում տրվում է հետևյալ գույքերի ձեռքբերման նպատակով.

• Ավտոմեքենաներ և այլ տրանսպորտ.Ամենից հաճախ լիզինգային ընկերությունները մասնագիտանում են հենց այդպիսի օբյեկտներում, օրինակ՝ հատուկ սարքավորումներում՝ բեռնատարներ, աղբատարներ կամ տրակտորներ:

• Սարքավորումներ.Լիզինգի համար նախատեսված գույքի ևս մեկ տարածված տեսակ: Դա կարող է լինել ցանկացած սարքավորում՝ կարի կամ հացաբուլկեղենի արտադրության, բուժսարքավորումներ և այլն։

• Անշարժ գույք. Լիզինգը կարող է օգտագործվել կոմերցիոն անշարժ գույք ձեռք բերելու համար, օրինակ՝ գրասենյակային կամ առևտրային տարածք: Հայաստանյան բանկային շուկայում լիզինգային ֆինանսավորմամբ անշարժ գույքի ձեռքբերման գործարքներ հազվադեպ են իրականացվում:

Լիզինգի պայմանագրերի առարկաները անպայման պետք է լինեն ոչ սպառվող իրեր, այսինքն՝ գույք, որը կարող է մաշվել, բայց այն դեռ կարող է օգտագործվել համաձայն իր նպատակային նշանակության։ Հետևաբար, ժամանակավոր օգտագործման համար անհնար է վերցնել, օրինակ, շինանյութ, սննդամթերք, հումք և այլն։

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում լիզինգային ֆինանսավորումը նոր թափով սկսեց իրականացվել ՀՀ կառավարության կողմից ներդրված օժանդակության (սուբսիդավորման) ծրագրերի ներդրումից հետո: Ներկայումս դրանք հիմնականում ընդգրկում են գյուղատնտեսական հումքի և այլ մշակող արդյունաբերությունների ոլորտները: Սակայն այժմ ակտիվ քննարկումներ են իրականացվում ընդգրկել նաև տնտեսության այլ ճյուղեր:

Որպես վերոնշյալին հավելում` նշեմ նաև, որ լիզինգային նախագծերը նույն կերպ կարող են նոր շունչ հաղորդել նաև մինչ այժմ առավելապես ավանդական բանկային պրոդուկտներով գործող հայաստանյան բանկային շուկայի հետագա կայուն զարգացմանն ու աճին:

3. Այնուամենայնիվ, ինչո՞վ է լիզինգը տարբերվում վարկից:

Ընդհանրությունն այն է, որ ի վերջո Լիզինգառուն ստիպված կլինի վճարել ավելին, քան գույքի սկզբնական արժեքն է։ Լիզինգատուն (ֆինանսական հաստատությունը) ստանում է եկամուտ լիզինգի տոկոսների տեսքով (հակառակ դեպքում՝ ինչպե՞ս են եկամուտ ստանալու գործարքից)։ Ամենաէական տարբերությունն այն է, որ լիզինգի առարկան լիզինգի գործողության ողջ ընթացքում հանդիսանում է Լիզինգատուի սեփականությունը, որը հանձնված է լիզինգառուի օգտագործմանը:

Չնայած բազմաթիվ նրբությունների, լիզինգային գործարքները շատ տարածված են, իսկ որոշ դեպքերում նույնիսկ փոխարինում են դասական վարձույթին։ Այս միտումը կապված է լիզինգի առավելությունների հետ, որոնք նշում են հաճախորդների մեծ մասը։

4. Իսկ որո՞նք են հանդիսանում լիզինգի առավելությունները:

Լիզինգի առավելությունների մի մասն արդեն իսկ նշեցի, իսկ որպես ամփոփում` հիմնական առավելությունները հետևյալներն են.

• Ցածր սկզբնական ներդրում – լիզինգով ստացված ակտիվի արժեքի 10-30%-ի չափով կանխավճար,

• Երկար մարման ժամկետ՝ մինչև 10 տարի,

• Հարկային բազայի նվազում` ծախսային հոդվածում ներառելով վարձակալության և արագացված ամորտիզացիայի վճարները,

• Շրջանառու կապիտալի ծավալը արտադրական գործընթացում չի նվազում,

• Հավելյալ շահույթը, որը հաճախորդը ստանում է սարքավորումներից, կարող է ծածկել վարձակալության վճարումները,

• Լիզինգի աջակցության ծրագրերի առկայություն։ ՀՀ կառավարությունը ընդունել է մի շարք սուբսիդավորման ծրագրեր, որոնցից օգտվելով շահառուների կողմից վճարված լիզինգի տոկոսների մեծ մասը կսուբսիդավորվի Կառավարության կողմից:

• Սարքավորումներ վաճառողները համագործակցելով լիզինգային ընկերությունների հետ ստանում են ապրանքի վաճառքի աճ և զեղչեր, քանի որ Լիզինգատու ընկերությունները ապահովում են մեծաքանակ գնումներ:

5. Որո՞նք են լիզինգի տրամադրման պայմանները «Արմսվիսբանկ»-ում և ի՞նչ դիրք է Բանկը զբաղեցնում ՀՀ լիզինգային շուկայում:

«Արմսվիսբանկ»-ը ներգրավված է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերում, ինչը թույլ է տալիս տրամադրել առավել հարմար պայմաններով լիզինգ` ապահովելով նվազագույն տոկոսադրույք և մարման երկար ժամկետ: Բանկը տրամադրում է լիզինգային ֆինանսավորում, որոնց տոկոսի մեծ մասը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից: Արդյունքում Լիզինգառուի կողմից վճարվում է առավելագույնը տարեկան 4-5%: Նշված ծրագրերից կարող են օգտվել այն ձեռնարկությունները, որոնք աշխատում են արդյունաբերության, տրանսպորտի, շինարարության և մի շարք այլ ոլորտներում: Լիզինգ կարող է տրամադրվել մինչև 120 ամիս ժամկետով (անշուշտ կախված ձեռքբերվող գույքի բնույթից, արժեքից և ամորտիզացիոն ժամկետից), ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով, կանխավճարը` սկսած 10%-ից:

Նշեմ, որ Բանկն իրականացրել է բազմաթիվ նախագծեր սննդամթերքի, գինու-կոնյակի, պահածոների արտադրության, շինարարության, միջազգային բեռնափոխադրումների ոլորտներում: Մի շարք դեպքերում իրականցվել է արտադրության ամբողջական վերազինում: Բանկի կողմից լիզինգով տրամադրվել են եվրոպական, չինական, ռուսական հայտնի արտադրողներից ձեռքբերված սարքավորումներ:

2022 թվականին Բանկը զբաղեցնում է ՀՀ 100 մլրդ դրամ ծավալով լիզինգային ընդհանուր պորտֆելի 4.3%-ը, հայտնվելով 5 առաջատար ֆինանսական կառույցների ցանկում: 2022թ. Բանկին հաջողվել է կրկնապատկել իր լիզինգային պորտֆելը:

Միաժամանակ հանդիսանում ենք Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի անդամ, որի շրջանակում սերտ համագործակցում ենք ինչպես գործընկեր ֆինանսական կառույցների, այնպես էլ պետական մի շարք մարմինների հետ:

Ընթացիկ տարվա հունիսի 2-4-ը ընկած ժամանակահատվածում «Արմսվիսբանկ»-ը մասնակցելու է «Լիզինգ Էքսպո» միջոցառմանը, որը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, մուտքն ազատ է: Բոլոր հետաքրքրվողներին, ինչպես լիզինգով գույք ձեռքբերել ցանկացողներին, այնպես էլ մատակարարներին հրավիրում ենք Բանկի տաղավար ավելի մանրամասն ծանոթանալու Բանկի կողմից առաջարկվող ֆինանսական գործիքներին և քննարկելու հետագա համագործակցության հնարավորությունները:


Բոլոր իրադարձությունները