Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Կայուն ֆինանսավորումը ԱրմՍվիսԲանկի համար հանդիսանում է ռազմավարական առաջնահերթություն՝ լիովին համահունչ կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված միջազգային օրակարգին։ Կլիմայական ռիսկերը դարձել են տնտեսական և ֆինանսական իրականության անբաժանելի մաս, ինչը պահանջում է համակարգային, պատասխանատու և երկարաժամկետ մոտեցում ֆինանսական հաստատությունների կողմից։
Այս համատեքստում ԱրմՍվիսԲանկը կարևորում է կայուն և պատասխանատու ներդրումների ֆինանսավորումը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձ ունեցող նախաձեռնություններին և միություններին անդամակցությունը՝ իր շահագրգիռ կողմերին ներկայացնելով վստահելի, թափանցիկ և միջազգայնորեն ընդունելի հաշվետվություններ։
ԱրմՍվիսԲանկը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում՝ հանդիսանալով միակ բանկը Հայաստանում, որը հրապարակել է 2024 թվականի Ջերմոցային գազերի (GHG) արտանետումների իր երկրորդ հաշվետվությունը՝ հիմնված միջազգայնորեն ընդունված Partnership for Carbon Accounting Financials (PCAF) մեթոդաբանության վրա։
PCAF մեթոդաբանությունը ֆինանսական կազմակերպություններին տրամադրում է միջազգային ճանաչում ունեցող գործիքակազմ՝ իրենց վարկային և ներդրումային պորտֆելների հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները չափելու, կառավարելու և հրապարակելու համար։ Այն նպատակ ունի աջակցել ֆինանսական ոլորտին՝ կլիմայական ազդեցությունների գնահատման, ռիսկերի կառավարման և Փարիզի համաձայնագրի նպատակներին համահունչ գործունեության ապահովման գործընթացում։
2024 թվականի GHG արտանետումների հաշվետվության պատրաստման շրջանակում ԱրմՍվիսԲանկը շարունակել է համագործակցությունը Greenly-ի հետ՝ որպես ածխածնային հետքի հաշվառման միջազգային առաջատար ծրագրային հարթակ։ Այս համագործակցությունը հնարավորություն է տվել Բանկին բարձր ճշգրտությամբ հաշվարկել իր արտանետումները և ամրապնդել իր կլիմայական նպատակներին համահունչ ռազմավարական պլանավորումը։
Greenly-ի հետ համատեղ և PCAF մեթոդաբանության կիրառմամբ պատրաստված ԱրմՍվիսԲանկի 2024 թվականի GHG արտանետումների հաշվետվությունը հանդիսանում է Բանկի կանաչ և կայուն զարգացման տեսլականի կարևոր բաղադրիչ։ Այս նախաձեռնությամբ ԱրմՍվիսԲանկը վերահաստատում է իր երկարաժամկետ հանձնառությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարին՝ նպաստելով կայուն ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում։
Բոլոր իրադարձությունները