Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՎԶԵԲ-ԻՑ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ Է 20 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ՝ ՀՀ-ՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՎԶԵԲ-ԻՑ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ Է 20 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ՝ ՀՀ-ՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ

08.06.2026

20 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում և զարգացման հնարավորություններ՝ Հայաստանի ՓՄՁ-ների, երիտասարդ ձեռնարկատերերի և տեղահանված անձանց համար

ԱրմՍվիսԲանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) շարունակում են ամրապնդել երկարամյա ռազմավարական համագործակցությունը:

ՎԶԵԲ-ը, Եվրոպական միության (ԵՄ) հետ համագործակցությամբ, ԱրմՍվիսԲանկին տրամադրում է 20 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ ուղղված Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), երիտասարդ ձեռնարկատերերի, ինչպես նաև տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը նպաստող բիզնեսների ֆինանսավորման ընդլայնմանը։

Համաձայնագիրը ստորագրվել է Ռիգայում կայացած ՎԶԵԲ-ի 2026 թվականի տարեկան հանդիպման և բիզնես ֆորումի շրջանակում` ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժի և ԱրմՍվիսԲանկի Տնօրինության նախագահ, Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի կողմից։

Ֆինանսավորման փաթեթը ներառում է երկու հիմնական ուղղություն.

10 մլն ԱՄՆ դոլար՝ EU4Business-EBRD Credit Line ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունն այն ձեռնարկությունների համար, որոնք պատկանում են տեղահանված անձանց, ինչպես նաև այն ընկերությունների համար, որոնք նպաստում են նրանց զբաղվածությանն ու տնտեսական ինտեգրմանը։

Իրավասու վարկառուները հնարավորություն կունենան օգտվել նաև Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ներդրումային դրամաշնորհներից, որոնք կարող են կազմել մինչև վարկի գումարի 35%-ը, ինչպես նաև ստանալ նպատակային խորհրդատվական աջակցություն՝ բիզնես գործընթացների բարելավման և ներառական մարդկային ռեսուրսների կառավարման պրակտիկաների զարգացման համար։

Ֆինանսավորումը կօգնի ձեռնարկություններին արդիականացնել տեխնոլոգիաներն ու ծառայությունները՝ դրանք համապատասխանեցնելով ԵՄ չափանիշներին, բարձրացնել աշխատանքի անվտանգության մակարդակը և ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը։ Ընդ որում, ֆինանսավորման առնվազն 70%-ը կուղղվի կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը։

10 մլն ԱՄՆ դոլար՝ Youth in Business ծրագիր

ՎԶԵԲ-ի «Youth in Business» ծրագիրը հնարավորություն կտա Բանկին ներդնել երիտասարդ ձեռնարկատերերի համար նախատեսված նոր ֆինանսական լուծումներ՝ աջակցելով այն բիզնեսներին, որոնք հաճախ բախվում են ֆինանսավորման հասանելիության սահմանափակումների՝ նորաստեղծ լինելու կամ սահմանափակ ֆինանսական պատմության պատճառով։

Բացի ֆինանսավորումից, ծրագիրը նախատեսում է երիտասարդ ձեռնարկատերերի համար խորհրդատվություն, կարողությունների զարգացում և այլ ոչ ֆինանսական աջակցություն։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Բանկի ներքին կարողությունների զարգացում՝ երիտասարդ ձեռնարկատերերի կարիքներին առավել համապատասխան ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով։

Ֆինանսավորման փաթեթն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ և ներառում է նաև առաջին կորստի ռիսկի ծածկման մեխանիզմ՝ Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամ պլյուսի (EFSD+) շրջանակում, որը հնարավորություն կտա ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը նոր և աճող բիզնեսների համար։

ԱրմՍվիսԲանկի Տնօրինության նախագահ, Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը նշել է. «Ուրախ ենք շարունակել և ընդլայնել ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա արդյունավետ համագործակցությունը։ Այս նոր համաձայնագրերը հնարավորություն կտան մեզ առավել արդյունավետ աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին, երիտասարդ ձեռնարկատերերին, ինչպես նաև տեղահանված անձանց բիզնեսներին` ապահովելով ֆինանսավորման ավելի լայն հասանելիություն այն ուղղություններում, որտեղ դրա կարիքն առավել զգալի է»։

ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժը նշել է. «Այս համաձայնագրերը ՎԶԵԲ-ի, ԱրմՍվիսԲանկի և Եվրոպական միության միջև ամուր գործընկերության արդյունք են։ Դրանք արտացոլում են մեր ընդհանուր հանձնառությունը՝ ապահովելու տնտեսական աճի հնարավորությունների հասանելիությունը նրանց, ովքեր առավել ունեն դրա կարիքը` ստեղծելով նոր հնարավորություններ Հայաստանի ձեռնարկատերերի և երիտասարդ սերնդի համար»։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը նշել է. «Մենք ողջունում ենք ԵՄ-ի աջակցությամբ ՎԶԵԲ-ի և ԱրմՍվիսԲանկի միջև իրականացվող այս վարկային համաձայնագիրը, որը կնպաստի Հայաստանում ֆինանսավորման սահմանափակ հասանելիություն ունեցող բիզնեսների տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։ Ռիսկերի բաշխման և համաֆինանսավորման գործիքների համակցությամբ Եվրոպական միությունը և ՎԶԵԲ-ը միասին աշխատում են հաղթահարելու այն ֆինանսավորման բացերը, որոնք հաճախ խոչընդոտում են նման ընկերությունների աճին, նորարարություններին և ԵՄ շուկաներ մուտք գործելուն։ Ֆինանսավորման հասանելիության բարելավմամբ մենք աջակցում ենք ձեռնարկատերերի նոր սերնդին, ազատ առևտրին, աշխատատեղերի ստեղծմանը և Հայաստանի համար ԵՄ Դիմակայունության և աճի ծրագրի նպատակների իրականացմանը»։

ԱրմՍիսԲանկը ՎԶԵԲ-ի գործընկերն է 2010 թվականից։ Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել է ավելի քան 3 միլիարդ եվրո՝ ավելի քան 245 ծրագրերի շրջանակներում, որոնց 86%-ն իրականացվել է մասնավոր հատվածում։


Բոլոր իրադարձությունները