Կորպորատիվ կարավարում

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման միջազգայնորեն ընդունված սկզբունքներով և լավագույն փորձով` առավել մեծ ուշադրություն դարձնելով որոշումների կայացման և խնդիրների լուծման կոլեգիալության սկզբունքին, որի ընդունման և իրագործման վառ ապացույց կարող են հանդիսանալ բանկում ստեղծված մի շարք կոլեգիալ մարմիններ` Աուդիտ կոմիտե, Վարկային կոմիտե, Ներդրումային կոմիտե, Ակտիվների և Պասիվների կառավարման կոմիտե, Բյուջետային հանձնաժողով և այլ նպատակային խմբեր: Բանկն իր կորպորատիվ կառավարման համակարգը կառուցել է սահմանափակումների և հակակշիռների (checks and balances) միջազգայնորեն ընդունված սկզբունքի հիման վրա, որն արտահայտվում է գործունեության ընթացքում հետևյալ հիմնական դրույթների պարտադիր կիրառմամբ.

  • Լիազորությունների և պարտականությունների հստակ տարանջատում
  • Բաժնետիրոջ, Խորհրդի, Գործադիր մարմնի, Ներքին և Արտաքին աուդիտորների միջև արդյունավետ համագործակցություն
  • Հուսալի ներքին հսկողության համակարգի առկայություն
  • Առավել ռիսկային ոլորտներում որոշումների կայացման կոլեգիալություն
  • Գործարքների և ռիսկային գործողությունների կատարում առնվազն երկու անձի մասնակցությամբ
  • Հաշվետվողական և տեղեկատվական կայուն համակարգի առկայություն
  • Կորպորատիվ վարքագծի արժեքների պահպանում
  • Հստակ ձևակերպված ռազմավարական ծրագրի առկայություն

Նշված սկզբունքներն իրենց արտացոլումն են գտել բանկի կանոնադրությունում և խորհրդի կողմից հաստատված մի շարք փաստաթղթերում:

Հաճախորդների սպասարկման քաղաքականություն

Հաճախորդների սպասարկման քաղաքականությամբ բանկից պահանջվում է հաճախորդին մատուցել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված և հաճախորդի պահանջները բավարարող, այսպես կոչված, «թեյլոր մեյդ» ծառայություններ` դրսևորելով անհատական մոտեցում և պարբերաբար առաջարկելով նոր ծառայություններ:

«Ճանաչիր Հաճախորդիդ» ծրագիրը և անհատական մենեջերները նպաստում են բանկ-հաճախորդ հարաբերությունները թափանցիկ, հասկանալի և ընդունելի դարձնելուն, ինչպես նաև հաճախորդների ժամանակը խնայելուն ու բարենպաստ միջավայր ստեղծելուն:

Գաղտնիության քաղաքականություն

Հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների պատշաճ ձևով հավաքագրումն ու պահպանումը հանդիսանում են ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի նկատմամբ հաճախորդների կողմից ցուցաբերվող վստահության կարևորագույն գրավական: Բանկը ձգտում է առավելագույնս պահպանել հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը` բացահայտելով միայն ՀՀ օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

Ռիսկերի կառավարման քաղաքականություն

Ռիսկերի կառավարման գործընթացը կազմակերպված է բանկի խնդիրներին համահունչ և նպատակ ունի արդյունավետ կառավարել ինչպես բանկի, այնպես էլ բանկի հաճախորդների ռիսկերը: Ռիսկերի կառավարման գործընթացի նպատակն է կանխատեսել և հնարավորինս կանխել և/կամ նվազեցնել ռիսկերը` դրանց հետևանքները վերացնելու փոխարեն: Ռիսկերի վերլուծությունը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ռազմավարական և մարտավարական պլանավորման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի գնահատման անբաժանելի մասն է հանդիսանում: Դա է պատճառը, որ բանկում ստեղծված է ռիսկերի կառավարման առանձին ստորաբաժանում, որն իրականացնում է ռիսկերի շարունակական գնահատում և բանկի գործառնությունների նկատմամբ ամենօրյա հսկողություն` ստուգելով առավել ռիսկային գործարքները և հետևելով բանկի ներքին նորմատիվային դաշտին:

Ներդրումային քաղաքականություն

Ներդրումային քաղաքականությունը կոչված է ապահովել ինչպես բանկի սեփական, այնպես էլ հաճախորդների ներդրումային ակտիվների պրոֆեսիոնալ կառավարումը և ֆինանսական շուկաներում ներդրումային հնարավորություններին համապատասխան եկամուտների ստացումը: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ներդրումային քաղաքականությունը սահմանում է տեղական և միջազգային շուկաներում ներդրումներ կատարելու ուղղություններ` բանկի երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակներին համահունչ:

Վարկային քաղաքականություն

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի վարկային քաղաքականությունն արտահայտում է վարկերի և վարկային գործիքների տրամադրման հիմնական սկզբունքները` սահմանելով վարկառուների հիմնական խմբերը, վարկի տրամադրման գործընթացը, տրամադրված վարկերի նկատմամբ վերահսկողությունը և վարկային պորտֆելի գնահատման հիմնական չափանիշները:

Մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականություն

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հարաբերություններն աշխատակիցների հետ կառուցվում են երկարատև համագործակցության և փոխադարձ հարգանքի սկզբունքների, ինչպես նաև փոխադարձ պարտավորությունների ճշգրիտ կատարման հիման վրա: Բանկը շարունակաբար ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները իր աշխատակիցների մասնագիտական աճի համար և ձգտում է նպաստավոր պայմաններ ստեղծել դրական միջանձնային հարաբերությունների ձևավորման համար:

Հաշվապահական հաշվառման քաղաքականություն

Հաշվապահական հաշվառման քաղաքականության հիմնական նպատակներից է բանկի գործունեության ֆինանսական արդյունքների վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տեղեկատվության ձևավորումը: Այն նաև թույլ է տալիս վերահսկել բանկի ակտիվների առկա վիճակը, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների օգտագործումը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների քաղաքականություն

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) քաղաքականությունը կոչված է ապահովել ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ և նպատակային օգտագործումը բանկի ՏՏ ենթակառուցվածքում: Այս ոլորտում մեր առաջնային նպատակն է տեղեկատվության ամբողջականության, գաղտնիության և հասանելիության ապահովումը մեր հաճախորդների համար: Քաղաքականությունը նաև անհրաժեշտ հիմքեր է ստեղծում Բանկում ՏՏ ենթակառուցվածքի շարունակական զարգացման համար, ներառյալ ներբանկային և միջբանկային ավտոմոտացված համակարգերը, միջազգային վճարային ու ֆինանսական համակարգերը:

Շահութաբաժնային քաղաքականություն

Համաձայն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի 2014-2016թթ. հեռանկարային զարգացման ծրագրի, նշված ժամանակաշրջանի համար շահույթից շահաբաժինների վճարում չի նախատեսվում:

Բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքներ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր մարմնի, այն է` Գործադիր տնօրենի, գործունեության գնահատումն իրականացվում է Խորհրդի կողմից` Բանկի տարեկան գործունեության արդյունքների հիման վրա` հաշվի առնելով Բանկի առաքելության և ռազմավարական խնդիրների իրականացման գործում Բանկի ձեռքբերումներն ու ֆինանսական ցուցանիշները:

Բանկի հետ կապված անձանց հետ գործարքներ կնքելու սկզբունքներ


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: