Ֆակտորինգային գործառնություններ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Հայաստանում գործող ֆինանսական հաստատությունների շարքում առաջիններից է, որը ներդրել և զարգացրել է ֆակտորինգը՝ որպես առևտրի կարճաժամկետ ֆինանսավորման արդյունավետ գործիք: Բանկը մատուցում է ֆակտորինգային ծառայությունների լայն շրջանակ՝ յուրաքանչյուր Հաճախորդի կարիքներին և պահանջներին համապատասխան:

Ֆակտորինգ կամ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում ասելով հասկանում ենք գնորդի պարտքի ստացման իրավունքի՝ դիսկոնտով (զեղչով) զիջումը Բանկին:


Ֆակտորինգային սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները՝

• հետաձգված վճարումներով վաճառքների ֆինանսավորում,
• դեբիտորական պարտքերի վարում և հաշվառում
• դեբիտորական պարտքի հավաքագրում
• գնորդի կողմից չվճարման ռիսկի ապահովագրում 

Ֆակտորինգի պարզագույն սխեման ըստ քայլերի կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.


 

1. Վաճառողը (Բանկի հաճախորդը) իրականացնում է մատակարարումը գնորդին (դեբիտորին) վճարման հետաձգման պայմանով՝ դուրս գրելով համապատասխան հաշիվ-ապրանքագիրը:

2. Վաճառողը (Բանկի հաճախորդը) բանկ է ներկայացնում հաշիվ-ապրանքագիրը և բեռնագրային փաստաթղթերը:

3. Բանկը վաճառողին վճարում է գնորդի կողմից վճարման ենթակա գումարի հիմնական մասը` մինչև 90%-ը և գանձում է համապատասխան միջնորդավճարը:

4. Վճարման հետաձգման ավարտին գնորդն ամբողջությամբ (100%) վճարում է Բանկին հաշիվ-ապրանքագրի գումարը:

5. Բանկը կատարում է վերջնահաշվարկ՝ վաճառողին վճարում է գումարի մնացած 10%-ը` գանձելով տրամադրված ֆինանսավորման դիմաց կուտակված տոկոսագումարը: 

Ֆակտորինգի առավելությունները ֆինանսավորման այլ գործիքների նկատմամբ

Վաճառողների համար առավելություններ

  • դեբիտորական պարտքի զիջման դիմաց շրջանառու միջոցների ներգրավման հնարավորություն,
  • վաճառքների աճին զուգահեռ ֆինանսավորման շարունակական աճ,
  • ժամանակին ստացված ֆինանսավորման շնորհիվ արտադրության և/կամ առևտրի ծավալների աճ,
  • գնորդներին վճարների հետաձգման պայմանի առաջարկման հնարավորություն և, հետևաբար, գնորդների ավելի լայն շրջանակ և շուկայի մասնաբաժնի մեծացում,
  • բյուջետային պարտավորությունների կատարման կարգապահություն. հաճախորդն անհրաժեշտ ֆինանսավորում է ստանում բյուջեի հանդեպ իր պարտավորությունները կատարելու համար, որոնք առաջանում են առաքված, բայց դեբիտորի կողմից դեռևս չվճարված ապրանքների գծով,
  • փոխարժեքների տատանման հետ կապված կորուստների բացառում կամ զգալի նվազում,
  • կազմակերպչական հարցերի կարգավորում. հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է իրականացնել դեբիտորական պարտքերի կամ վճարի հետաձգման պայմանով մատակարարված ապրանքների հաշվառման վարումը,
  • գնորդների կողմից չվճարման ռիսկի ծածկում (առանց ռեգրեսի ֆակտորինգի դեպքում)

Գնորդների համար առավելություններ

  • վաճառողներից ապրանքների և ծառայությունների ստացում` վճարման հետաձգման պայմանով,
  • վաճառողների կողմից առաքվող ապրանքների ծավալների և տեսականու աճ առանց լրացուցիչ կապիտալի ներգրավման,
  • վաճառողից վճարման հետաձգում ստանալու արդյունքում առաջացած ժամանակավորապես ազատ միջոցների տնօրինման հնարավորություն (Բանկից տոկոսով վարկ ներգրավելու փոխարեն),
  • առաքված ապրանքի վճարի ֆինանսավորման ծախսերի կրճատում (ֆակտորինգային ծառայությունների դիմաց վճարում է վաճառողը):

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է ֆակտորինգի հետևյալ տարատեսակները՝

✔ Տեղական ֆակտորինգ (երբ վաճառողն ու գնորդը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք են), այդ թվում՝

Ռեգրեսային ֆակտորինգ (հետպահանջի իրավունքով). Ֆակտորինգի այս տարատեսակի դեպքում Հաճախորդը պատասխանատվություն է կրում Բանկի առջև՝ երաշխավորելով գնորդի կողմից Բանկի հանդեպ ստանձնած ֆակտորինգային պարտավորությունների պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարումը:

Ոչ ռեգրեսային ֆակտորինգ (առանց հետպահանջի իրավունքի). Ֆակտորինգի այս տարատեսակի դեպքում Հաճախորդը պատասխանատվություն չի կրում Բանկի առջև և չի երաշխավորում գնորդի կողմից Բանկի հանդեպ ստանձնած ֆակտորինգային պարտավորությունների պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարումը:

Փակ ֆակտորինգ (դեբիտորական պարտքի ֆինանսավորում) Ֆակտորինգի այս տարատեսակի դեպքում գնորդը չի ծանուցվում ֆակտորինգային գործարքի վերաբերյալ, և ֆակտորինգային պարտավորությունների պատշաճ կատարման պատասխանատվություն կրում է բացառապես հաճախորդը:

Ֆակտորինգ-Երաշխիք Ֆակտորինգի այս տարատեսակի դեպքում Բանկը չի ֆինանսավորում հաճախորդին, այլ միայն ծածկում է գնորդի կողմից չվճարման ռիսկերը՝ երաշխավորելով Հաճախորդին գնորդի կողմից մատակարարման պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարումը:

Տեղական ֆակտորինգի սակագներ*


✔ Միջազգային ֆակտորինգ (երբ վաճառողը կամ գնորդը  ՀՀ  ռեզիդենտ իրավաբանական անձ է,  իսկ արտերկրի գործընկերը` ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ է)


ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը տարածաշրջանում առաջին ֆինանսական հաստատությունն է, որն անդամակցել է FCI (Factors Chain International)՝ Առաջատար ֆակտորինգային կազմակերպությունների ասոցիացիային: Անդամակցությունը Բանկին հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել միջազգային ֆակտորինգային ծառայություններ շուրջ 75 երկրում տեղակայված ավելի քան 270 անդամ կազմակերպությունների միջոցով:

Արտահանման ֆակտորինգ. Ֆակտորինգի այս տարատեսակի դեպքում արտահանողը հնարավորություն է ստանում մատակարարված ապրանքների դիմաց ստանալ ֆինանսավորում առանց գրավադրման և երաշխավորության տրամադրման` մատակարարված ապրանքի գումարի մինչև 80%-ի չափով: Մատակարված ապրանքի գումարի մնացած երաշխավորված մասը` 20% վերջնահաշվարկը, արտահանողը կստանա գնորդի կողմից վճարման օրը: Գնորդի կողմից չվճարման դեպքում Բանկի գործընկեր կազմակերպությունը վճարում է գնորդի փոխարեն:

Արտահանման ֆակտորինգային գործարքի դեպքում արտահանողը հնարավորություն ունի Բանկի միջոցով ստանալ հավաստի տեղեկատվություն արտասահմանում գտնվող իր գործող կամ պոտենցիալ գնորդի վճարունակության վերաբերյալ: Արտահանման ֆակտորինգի գործարքը հնարավոր է իրականացնել ինչպես ռեգրեսային, այնպես էլ ոչ ռեգրեսային տարբերակով:

Ներմուծման ֆակտորինգ. Ֆակտորինգի այս տարատեսակի դեպքում Բանկի Հաճախորդը հանդես է գալիս որպես գնորդ կողմ՝ ներմուծող (ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ), որի կողմից արտահանողի հանդեպ ստանձնած պարտավորությունների պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարումը երաշխավորում է Բանկը: Ներմուծման ֆակտորինգային գործարքի դեպքում հնարավոր է պահանջվի նաև գրավ:

Միջազգային ֆակտորինգի սակագներ*

Ֆակտորինգային սահմանաչափ (վաճառողի համար տվյալ գնորդի գծով հատկացված առավելագույն ֆակտորինգային գործարքների գումար) հաստատող մարմինը սահմանաչափը հաստատելիս առաջնորդվում է ստորև բերված ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով:


Օբյեկտիվ գործոններ

Հաճախորդի փորձը ոլորտում, գործընկերոջ հետ համագործակցության փորձը, ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, բանկային հաշիվների շրջանառությունը, գործարքների հաճախականությունը, վարկային պատմությունը և այլն.

Սուբյեկտիվ գործոններ

Հաճախորդի բիզնեսի ընդունելիությունը և համապատասխանությունը Բանկի քաղաքականությանը, հաճախորդի բիզնեսի թափանցիկությունը, կառավարման որակը, համագործակցության զարգացման հեռանկարները և այլն: 

Ֆակտորինգային սահմանաչափը տրամադրվում է համաձայն հիմնական պայմանների, սակայն յուրաքանչյուր կոնկրետ ֆակտորինգային դիմումի դեպքում ֆակտորինգային սահմանաչափ հաստատող մարմինը, հաշվի առնելով վերը նշված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները կարող է շեղվել նշված պայմաններից կամ լրացուցիչ պայմաններ կամ պահանջներ ներկայացնել:

 

Հնարավոր բացասական հետևանքներ, այլ կարևոր տեղեկատվություններ

Հարգելի հաճախորդ`

Ֆակտորինգային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում (զիջված պարտավորությունների կատարման կետանցում, բանկին կեղծ տեղեկատվության տրամադրում կամ տեղակատվության չտրամադրում, մոնիտորինգի արդյունքների համաձայն Ձեր կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացում և այլն) բանկի կողմից բացի ֆինանսական պատժամիջոցներից գործող օրենսդրության համաձայն կարող են իրականացվել հետևյալ գործողություններ

  • ֆակտորինգային պայմանագրի վաղաժամկետ լուծում և հետագա ֆինանսավորման դադարեցում, տրամադրված սահմանաչափի նվազեցում կամ զրոյացում
  • գրավադրված գույքի բռնագանձում և իրացում, ընդ որում, գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում հնարավոր է նաև գրավատուի այլ գույքի (առկայության դեպքում) հաշվին պարտավորությունների մարման հնարավորությունը` դրանց վրա դատական կարգով բռնագանձում տարածելու եղանակով (առկայության դեպքում)
  • Ձեր պարտապանի, իսկ ռեգրեսային պայմանագիր կնքելու դեպքում նաև Ձեր կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության գրանցում վարկային ռեգիստրում, ինչը բացասական ազդեցություն կթողնի Ձեր վարկային պատմության վրա և կխոչընդոտի հետագայում ևս վարկային ծառայություններից օգտվելու հարցում (այդ թվում նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից)


Ֆակտորինգային սահմանաչափ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկ

* Տվյալ սակագները պայմանական են: Բանկը յուրաքանչյուր հաճախորդի համար առաջարկում է անհատական սակագներ` կախված հաճախորդի և դեբիտորի ֆինանսական վիճակից, ինչպես նաև կանխատեսվող ֆակտորինգային գործարքների քանակից և ծավալներից:

Հետադարձ կապ

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: