Իրադարձություններ
ԱՐԱ ՄԱԿԱՐՅԱՆ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՏԵՂԱՅՆԱՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԸ ՀՀ ՇՈՒԿԱՅՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ banks.am ԿԱՅՔԻՆ

ԱՐԱ ՄԱԿԱՐՅԱՆ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՏԵՂԱՅՆԱՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԸ ՀՀ ՇՈՒԿԱՅՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ banks.am ԿԱՅՔԻՆ

12.02.2024

Վերջերս ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հերթական անգամ ընտրվել է Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) կողմից իրականացվող ֆինանսավորման ծրագրի գործընկեր: Այս առիթով զրուցել ենք «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ Գործադիր Տնօրենի տեղակալ, Բիզնեսի Զարգացման Դեպարտամենտի Տնօրեն Արա Մակարյանի հետ:

- Պարոն Մակարյան, որքանո՞վ եք կարևորում համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ: Տվյալ դեպքում՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրոպական Ներդրումային Բանկի ծրագիրը:

- Միջազգային ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցությունը եղել եւ մնում է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ռազմավարական կարեւորության ուղղություններից: Նման համագործակցությունները կարևոր են ոչ միայն հաճախորդների համար նպաստավոր պայմաններով միջոցներ ներգրավելու տեսանկյունից, այլ նաև այդ կառույցների կողմից տրվող կարողությունների բարձրացման աջակցության առումով: Մասնավորապես, նման աջակցությունների միջոցով մենք տեղայնացնում ենք միջազգային լավագույն փորձը մեր շուկայում:

Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից «Հայաստանի տնտեսական դիմակայունություն» անվանմամբ այս ծրագիրն իրականացվում է ՀՀ Կենտրոնական բանկի և ԵՆԲ-ի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում` «Գերմանահայկական Հիմնադրամ» Ծրագրի Կառավարման Գրասենյակի միջոցով: Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 70,000,000 Եվրո:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը՝ բավարարելով այս ծրագրի շրջանակում գործընկեր ֆինանսական կառույցներին ներկայացվող պահանջներին, հերթական անգամ ընտրվել է գործընկեր կառույց եւ իրականացնում է հաճախորդների ֆինանսավորումը վերջինիս ներքո:

- Ո՞ւմ է ուղղված, ի՞նչ է առաջարկում եւ ի՞նչ հիմնական մրցակցային առավելություններ ունի ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից իրականացվող այս ֆինանսավորումը:

- Ծրագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ արտադրության, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում գործող մասնավոր փոքր և միջին ձեռնարկություններին: Թիրախային ուղղություններ են համարվում էներգաարդյունավետության, կանանց ձեռներեցության, մարզային զարգացման խթանման, թվայնացման և ավտոմատացման նախագծերի ֆինանսավորումը: «Կայունության» բաղադրիչը հանդիսանում է ցանկալի նախապայման բոլոր նախագծերում:

Վարկային միջոցները ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից տրամադրվում են միայն ՀՀ դրամով և մինչև 90 ամիս ժամկետով, որից, ըստ ծրագրերի առանձնահատկության, կարող է տրամադրվել մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետ: Մեկ հաճախորդին և փոխկապակցված խմբին հասանելի առավելագույն ֆինանսավորման ծավալը կազմում է մինչև 12,000,000 Եվրո:

Այս ծրագրի հիմնական առավելություններն են համեմատաբար երկար ժամկետը, արտոնյալ ժամկետների տրամադրման հնարավորությունը, թիրախային ընդարձակ ոլորտները, ինչպես նաև ՀՀ դրամով շուկայականից ցածր տարեկան տոկոսադրույքը (մինչև 10.5%):

- Նշեցիք «Կայուն» ֆինանսավորման հատուկ բաղադրիչը. ի՞նչ նոր քայլեր է ձեռնարկում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն այս ուղղությունը զարգացնելու համար։

- Չնայած վերջին տարիներին «Կանաչ» և «Կայուն» ֆինանսավորումն աստիճանաբար ավելի ու ավելի են ներառվում ՀՀ ֆինանսական կառույցների օրակարգում, այնուամենայնիվ, դեռ մեծ չօգտագործված ներուժ է առկա այս ուղղության զարգացման համար:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը «Կանաչ» և «Կայուն» ֆինանսավորման ուղղությունները հայտարարել է որպես առաջնային ուղղություն ֆինանսավորման համար և ամբողջ ներուժով զարգացնում է այն: Վերջին տարիներին նշված ուղղություններով ֆինանսավորման պորտֆելն էական աճ է գրանցել, իրականացվել են նաև որակական աշխատանքներ, որոնց թվում են անձնակազմի կարողությունների բարձրացումը, համապատասխան ներքին իրավական ակտերի ընդունումը, Green Climate Fund-ի կողմից ֆինանսավորված պատրաստվածության աջակցության ծրագրի կառավարումը և այլն:

Վերջերս ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը, առաջինը Հայաստանում, անդամակցել է Partnership For Carbon Accounting Financials (PCAF) միջազգային կառույցին, ինչը հնարավորություն կտա մեզ մեկ քայլ առաջ գնալ բանկի «Կանաչ» եւ «Կայուն» վարկային ու ներդրումային պորտֆելի վերաբերյալ հաշվետվողականության աշխատանքներում: Ավարտական փուլում են գտնվում մեկ այլ եվրոպական ասոցիացիային անդամակցելու աշխատանքները, որտեղ հնարավորություն կունենանք փորձի փոխանակում կատարել եվրոպական այլ ֆինանսական կառույցների հետ: Առկա են ընթացիկ այլ աշխատանքներ, որոնց մասին շուտով կտեղեկացնենք հանրությանը:

- Որո՞նք են այս նպատակի իրականացման ընթացքում հանդիպող հիմնական խոչընդոտները, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրանք հաղթահարելու համար:

- Մինչ խոչընդոտներին անդրադառնալը՝ կարևոր եմ համարում նշել, որ առաջընթացն այս ուղղությամբ ակնհայտ է:

Շարունակական հաջողություններ ունենալու համար պետք է նախևառաջ բարձրացնել իրազեկվածության մակարդակը մասնավոր հատվածում, որպեսզի ներդրողներն իրենց ներդրումային ծրագրերում տնտեսական արդյունքից բացի հաշվի առնեն նաև սոցիալական եւ բնապահպանական հետևանքները, նախապատվությունը տան ավելի կայուն և սոցիալապես պատասխանատու ծրագրերին:

Հաջորդ կարևոր քայլը ֆինանսաբանկային համակարգի կողմից համընդհանուր մոտեցումների որդեգրումն է:

Մասնավորապես, անհրաժեշտ է վարկային և ներդրումային պորտֆելի «կայունության» կամ «կանաչ լինելու» միանման չափելի համակարգ ներդնել: Չափելիությունը համատեղելով պարբերաբար հաշվետվողականության հետ՝ կստեղծվի վիճակագրություն, որն էլ համապատասխան խթանների կիրառման արդյունքում կնպաստի առաջընթացին:

Եվ վերջինը՝ ցանկանում եմ նշել միջազգային լավագույն փորձի տեղայնացումը մասնավոր և պետական համակարգում:

- Մոտ ժամանակահատվածում ինչպիսի՞ նոր զարգացումների կարող են սպասել հաճախորդներն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ից:

- Բարելավումները և կատարելագործումը անդադար աշխատանքներ են, որոնք ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում իրականացվում են ամեն օր: Լինելով ոչ մասսայական ծառայություններ մատուցող Բանկ և թիրախավորելով կորպորատիվ և ներդրումային ծառայությունների ուղղությունը` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը խիստ կարևորում է հաճախորդների սպասարկման որակը եւ հարմարավետությունը:

Ներկայումս ուղիղ բանակցություններ են ընթանում երկու խոշոր ֆինանսական կառույցների հետ, որոնց կողմից առաջարկվող գործիքակազմը կարող է փոխել ավանդական վարկավորման մասին մոտեցումները: Այդպիսով նախատեսվում է մեծացնել ՓՄՁ-ների հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին:

Վարկավորման և ներդրումային ծառայություններից զատ, մոտակա ժամանակներում Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան սպասարկվել գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած և ցանկացած խստապահանջ հաճախորդի պահանջներին բավարարող միջավայրում, որի մասին կխոսվի առաջիկայում:


Բոլոր իրադարձությունները